Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Փոքր ազգերը մեծ տերությունների համար մանրադրամի դեր են կատարել

Փոքր ազգերը մեծ տերությունների  համար մանրադրամի դեր են կատարել
18.03.2014 | 00:36

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Լլոյդ Ջորջը, որ հետագայում դարձավ վարչապետ, հրատարակեց իր հուշերի բազմահատոր գիրքը, որ թարգմանվեց նաև ռուսերեն: Վերնագրված է «Правда о мирных договорах» (Ճշմարտությունը խաղաղության պայմանագրերի մասին):
Իհարկե, գիրքը հետաքրքիր է իր մանրամասներով, որ բացում է այդ խորամանկ դիվանագետը ընթերցողի առջև, հատկապես հպարտանալով, թե ինչպես Անգլիան իր կամքն է թելադրում մյուս փոքր երկրներին, անգամ Ռուսաստանի նման խոշոր մի կայսրության: Բայց այդ գիրքը շատ կարևոր է հայերիս համար` իր 23-րդ գլխով, որ վերնագրված է ցինիկ մի խոստովանությամբ՝ «Армения наша жертва» («Հայաստանը մեր զոհն է»): Հիմա ոչ մի արժեք չունի այս ցինիկ խոստովանությունը, սակայն նոր սերունդը պիտի իմանա, թե ինչպես փոքր ազգերը մեծ տերությունների համար մանրադրամի դեր են կատարել:
Պետականությունը կորցրած հայերը ինչպիսի երազանքով էին սպասում ռուսական զենքի հաղթանակին, որը ազատություն և անկախություն շնորհեց բալկանյան մի շարք ժողովուրդների` ազատելով օսմանյան դաժան լծից, և երբ այդ հաղթական զորքը պիտի մտներ Ստամբուլ, Անգլիան վերջնագրի տեսքով կասեցրեց ռուսների երթը Ստամբուլի մատույցներում, որը հիմա Ստամբուլի մի թաղամասն է դարձել: Կնքվեց զինադադար, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրվեր: Զարմանալին այն էր, որ խաղաղության պայմանագիրը երկու կռվող կողմերը կնքելու էին Բեռլինում՝ Եվրոպայի խոշոր պետությունների թելադրանքով: Ահա, մինչև Բեռլինի վեհաժողովի բացվելը, Թուրքիայի և Անգլիայի գաղտնի բանակցությունների մասին է պատմում այդ գիրքը:
Իր պետության խարդախ գործերի մասին Լլոյդ Ջորջը քաջություն է ունեցել ճշմարտությունը պատմելու աշխարհին, թե ինչպես, մինչև Բեռլինի վեհաժողովը, Թուրքիան և Անգլիան գաղտնի բանակցություններ էին վարում Հայաստանին անկախություն տալու հարցը խափանելու շուրջ: Նա պատմում է, որ եկել էր Թուրքիայից Կիպրոսը պոկելու հարմար պահը: Անգլիան պարտադրեց Թուրքիային հանձնել Կիպրոսը` Հնդկաստան մեկնող անգլիական նավերի համար որպես հենարան` վեհաժողովում անկախ Հայաստան ստեղծելու 16-րդ կետը չեզոքացնելու դիմաց: Հայերի թիկունքում կնքվեց այս նենգ գործարքը` մինչև Լլոյդ Ջորջի վարչապետ դառնալը: Այս գործարքն ուղղված էր նաև հաղթանակած Ռուսաստանի դեմ, որպեսզի մինչև Էրզրում հասած Ռուսաստանի օգնությամբ Արևմտյան Հայաստան չստեղծվի, այլապես ռուսները հնարավորություն կստանային իջնելու Միջերկրական ծով` վտանգելով Հնդկաստան ուղևորվող անգլիական նավերի երթը: Ռուսների հաջողությունները դիպչում էին Անգլիայի շահերին:
Ջորջը ցինիկորեն պատմում է, թե ինչպես թույլ չտվեցին ռուսական զորքին մտնել Ստամբուլ և Բեռլինի վեհաժողովում ստիպեցին զորքը հետ քաշել նվաճած տարածքներից: Անգլիան Ռուսաստանին վերջնագիր ներկայացրեց` եթե շարունակի առաջխաղացումը, ապա գործ կունենա Անգլիայի հետ: Առճակատումից խուսափելու համար Ռուսաստանը զորքը հանեց Թուրքիայից: Կնքվեց զինադադար: Օսմանյան կայսրությունը կործանման եզրին էր, կորցնելով բալկանյան երկրները, անկախություն տալով Հայաստանին` կայսրությունից ոչինչ էր մնում: Ի վերջո, Արևմտյան Հայաստանը միանալու էր Արևելյանին, այսինքն` Ռուսաստանին: Եվ այսպես, առանց մեկ կրակոցի, առանց մեկ զոհի, Անգլիայի գաղութների թիվն ավելացավ ևս մեկով: Իսկ ո՞վ է ասում, թե զոհեր չեղան: Զոհը Հայաստանն էր: Բեռլինում Հայաստանին վերաբերող 16-րդ կետը զավեշտորեն փոխարինվեց 61-ով: Սա ծաղր էր հայերի նկատմամբ:
Եվ այսպես, Բեռլինի վեհաժողովը, որտեղ նախագահում էր Գերմանիայի կանցլերը, մի շինծու որոշումից բացի, ոչինչ չտվեց հայերին: Ավելին, Թուրքիային ոչինչ չպարտադրող որոշումից բացի: Ընդհակառակը, ռուսական զենքի նվաճումները ի չիք դարձնելով, մյուս մասնակիցները լուծեցին իրենց հարցերը. Անգլիան ստացավ Կիպրոսը, Գերմանիան` Բեռլին-Բաղդադ երկաթուղու համաձայնագիրը, Ֆրանսիան պահպանեց Թուրքիայում իր բանկային եկամուտները, իսկ Կարմիր սուլթանը` Համիդը, հունգարացի թուրքագետի հետ հարցազրույցում ասել էր. «Ես գիտեմ ինչպես լուծել Հայկական հարցը: Ավելի շուտ կհամաձայնեմ գլուխս պոկելուն մարմնիցս, քան Հայաստանը` Օսմանյան կայսրությունից»։
Եվ իսկապես, Հայկական հարցը նա սկսեց լուծել յուրովի` վերացնելով հայերին: 1895-96 թվականներին կազմակերպեց 300000 հայերի կոտորածն ու նրանց հարստության կողոպուտը, ապա կազմավորեց «Համիդիե» քրդական հայասպան հատուկ գնդերը:


Ներսես ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ